Վերջին օրերին ավելի և ավելի հաճախ է խոսվում՝ ապրիլից գազի գնի հավանական թանկացման մասին: Թեպետ ռուսական կողմը հստակ է գիտակցում, որ գնի այսպիսի բարձրացման դեպքում ռուսական գազը, պարզապես, կկորցնի իր մրցակցային առավելությունը իրանական գազի նկատմամբ, բայց, միեւնույնն է, այս պահին, ըստ էության, հայկական կողմը բանակցություններում շոշափելի արդյունքի դեռ չի հասնում: Հայաստանին մատակարարվող գազը ռուսական կողմը, հիշեցնենք, վերջին անգամ թանկացրեց մեկ տարի առաջ' սահմանին 1000 խորանարդ մետրը դարձնելով 165 դոլար' մինչ այդ գործող 150 դոլարի փոխարեն:
Անվիճելի է, որ գազի միանգամից 40 դոլարով թանկացումը Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, ճգնաժամի կարող է բերել: Եվ կտրուկ գնաճը զսպելն էլ անխուսափելի կդառնա, կավելանան Հայաստանում արտադրվող ապրանքների, մատուցվող ծառայությունների գները, անխուսափելի կդառնա էլեկտրաէներգիայի թանկացումը, ու այս շղթան, ըստ էության, կսեղմի սոցիալական օղակը: Հետաքրքիր է, որ գազի հավանական թանկացման մասին նորությունները զգալիորեն ակտիվացրել են սորոսականներին: Վերջիններս իրենց հրապարակային գրառումներում, հարցազրույցներում միայն մեկ մեսիջ են հղում՝ ի՞նչ գին ենք վճարելու, որպեսզի գազի գինը մնա նույնը: Հասկանալի է, որ սորոսականները ակնարկում են այն հանգամանքը, որ ռուսական կողմը որոշակի պահանջներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, իսկ քանի որ այդ պահանջները սորոսականներին զգալիորեն անհանգստացրել են՝ կարելի է ենթադրել, որ պահանջներից մեկն էլ սորոսականների լծակների նվազեցումն է:
Ռուսական կողմը այդ պահանջ-ցանկությունը հնչեցրել է անգամ դեսպանատան հայտարարության մակարդակով: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, լինելով երկու քարերի արանքում, չի կարող միանշանակ գնալ այդ քայլին: Մյուս պահանջը ,թերևս կապված է Արցախի հարցի հետ, Լավրովի վերջին հայտարարությունները անթաքույց դժգոհություն են արտահայտում բանակցային պրոցեսի դանդաղ ընթացքից և այն հանգամանքից, որ չկան շոշափելի ձեռքբերումներ: Մինչդեռ, մինչ Բրատիսլավայում կայացած հանդիպումը նույն Լավրովը առաջընթացի հարցում շատ ավելի լավատես էր: Հիշեցնենք, որոշ կարծիքներ հնչեցին, որ Բրատիսլավայում հայկական կողմը վերջին պահին մերժել է Լավրովի պլանը և հետ քայլ արել, ինչը բնականաբար չէր կարող դուր գալ ռուսական կողմին: Հենց դրանից հետո էլ «Գազպրոմ Արմենիան» որոշեց գազի գնի վերանայման հայտ ներկայացնել:
Սորոսականների «դարդն ու ցավը», իհարկե, գազի գինը չէ, այլ Փաշինյանին հստակ մեսիջ ուղարկելը, որ ռուսների պահանջները կատարելու , ասել է թե ՝ պահանջվող գինը վճարելու դեպքում վարչապետը կարող է խնդիրներ ունենալ արդեն սորոսականների հետ