ԱՄՆ դեսպանատունը ուշագրավ հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ ռուս փորձագետների մուտքը թույլատրելու՝ ՀՀ իշխանությունների որոշման հետ: «Մենք գործակցում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ տնտեսական, քաղաքական, դատաիրավական և անվտանգության հարցերի լայն տիրույթում։ 2008 թվականից սկսած այս գործակցության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներին, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի կենսաբանական անվտանգության և ապահովության համար։ Ինչպես վերջերս փաստեց Հայաստանի կառավարությունը, սրանք տեղի մասնագետներով համալրված և Հայաստանի իրավասության ներքո գործող լաբորատորիաներ են։ Այս լաբորատորիաների կամ Հայաստանի կառավարության կողմից դրանց տնօրինմանն առնչվող հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի կառավարությանը»,- ասված է հայտարարության մեջ:
 
Ուշագրավ է, որ ամերիկյան կողմը փաստացի Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է քաղաքական և տնտեսական համագործակցության մասին, ասել է թե՝ այն ֆինանսական օժանդակության, որը Փաշինյանը հեղափոխությունից հետո ակնկալել է և մասամբ ստացել է Արևմուտքից: Հիշեցնում է նաև դատաիրավական բարեփոխումների մասին, որոնց վրա Արևմուտքը աչք է փակում, չնայած այլ պայմաններում Հայաստանը կարող էր արդեն իսկ հայտնվել մոնիտորինգի կամ սանկցիաների տակ: Պատահական չէ նաև 2008 թվականի մասին հիշատակումը. ԱՄՆ-ն տողատակով ակնարկում է, որ Փաշինյանը պետք է վերոնշյալ համագործակցության տեմպերում չզիջեր Սերժ Սարգսյանի բռնած տեմպին, իսկ գուցե նաև՝ գերազանցեր նրան: Սակայն արի ու տես, որ 2008-ից ի վեր ԱՄՆ-ն աջակցել է Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներին, 10 տարի շարունակ Սերժ Սարգսյանը չէր բացում դրանց դռները ռուսների առջև, սակայն դա անում է Նիկոլ Փաշինյանը:
 
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ դեսպանատան այս արձագանքի ֆոնին ակտիվացել է հենց Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, անգամ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ, ինչը չէր կարող վրիպել իշխանությունների աչքից: ԱՄՆ դեսպանատան մեսիջը ենթադրում է, որ, եթե Փաշինյանը շարունակի խախտել պայմանավորվածությունները, ապա տնտեսական համագործակցությունը կարող է տուժել. փողը կարող է տրվել նախկիններին, կարող է տուժել նաև դատաիրավական բարեփոխումները, քանի որ դրանց ընդունումը և իմպլեմենտացիան մեծապես կախված է հենց Արևմուտքի աջակցությունից, իսկ այդ բարեփոխումների դանդաղումը զրկում է Փաշինյանին անչափ կարևոր խաղաքարտից՝ դատական իշխանության վրա տոտալ վերահսկողության սահմանումից, առանց որի Փաշինյանին դժվար կլինի իրագործել իր քաղաքական պլանները: