Ծով ելք չունեցող Հայաստանը վերջին 20 տարում երազում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, գրում է բրիտանական The Guardian-ը: Սակայն այդ երկրի ապագան «թունավորված է» մեծ անորոշություններով, որոնք վերաբերում են չլուծված հակամարտությանը: Միևնույն ժամանակ, կասկածի տեղ քիչ կա, երբ բանը վերաբերում է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ելքին: Հունվարի 21-ին մեկնարկած պաշտոնական քարոզարշավը հազիվ թե մեծ իրարանցում առաջացնի հիասթափված ընտրազանգվածի շրջանում:
Բոլոր հաշվարկներով ֆավորիտ է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախկին Խորհրդային Միության երկրում գործող նախագահն էական առավելություն ունի. նա վերահսկում է պետական ապարատը՝ ազգային, առավել ևս տեղական մակարդակներում, ինչն ընտրողներին մոբիլիզացնելու հնարավորություն է ընձեռում: Տվյալ դեպքում տարբեր ընդդիմադիր գործիչներ դուրս են եկել ընտրարշավից՝ էլ ավելի հեշտացնելով Սարգսյանի կյանքը:
Հոդվածում ներկայացվում են 2008-ի ընտրությունները, Մարտի 1-ը և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ առաջադրվելուց հրաժարվելը տարիքի պատճառով: Պարբերականը նկատում է նաև, որ ոչ ոք չի ներկայացնելու նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Չնայած տնտեսական խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ մտավախությանը, որոշ կուսակցական առաջնորդներ նույնիսկ նեղություն չեն քաշում առաջադրվել»,-. գրում է The Guardian-ը:
Առանձին ներկայացվում է Րաֆֆի Հովհաննիսյանը, հունվարի 17-ի նրա փարիզյան հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դիվանագիտական խորհրդատուներից մեկի՝ Պոլ Ժան-Օրտիսի հետ, որին Հովհաննիսյանն ասել է. «Մենք լողում ենք հոսանքին հակառակ: Մարդիկ շատ ճակատագրապաշտ են: Պատճառը կեղծված ընտրությունների նրանց փորձառությունն է անցյալից և բացարձակապես անարդյունավետ պրո-եվրոպական ելույթները»:
Հովհաննիսյանն ասում է նաև, որ իր աջակիցները նախկինում ահաբեկման թիրախ են դարձել և քննադատում է գործող նախագահի՝ «պետական ռեսուրսները՝ հասարակական շինությունները, քաղաքապետարանները, դպրոցներն ու հիվանդանոցներն» օգտագործելու համար:
Աղբյուրը նշում է, որ տնտեսական խնդիրներից բացի, թեկնածուների ուշադրության կենտրոնում ԼՂ հակամարտության լուծումն է և դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ:
Այս առնչությամբ մեջբերվում է Հովհաննիսյանի խոսքը, թե «Կոսովոն, Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչած ցանկացած երկրի համար կեղծավորություն կլիներ» չճանաչել Լեռնային Ղարաբաղը: