ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է անչափահասներին կտրող-ծակող առարկայով մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

 

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները վնասվածքներն ստացել են 2015 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի թիվ 195 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

 

 

Պարզվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես անչափահաս է։

 

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի 22-ին' ժամը 19:00-ի սահմաններում, անչափահաս Աբովյանը Երևան քաղաքի Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում հանդիպել է իր ծանոթին, ով զանգահարելու համար խնդրել է տրամադրել իր բջջային հեռախոսը:

 

 

Հեռախոսով զրուցելով քայլել են դեպի թիվ 195 դպրոցի բակ, որտեղ հանդիպել են այլ ծանոթ անձանց: Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ երկու անչափահասի՝ Նիկողոսյանին և Սահակյանին, պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նիկողոսյանի կրծքավանդակի ձախ հատվածին կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածքը դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գնահատվել է ծանր, իսկ Սահակյանի վնասվածքը՝ միջին ծանրության:

 

 

Նախաքննության ընթացքում տուժող Սահակյանը բողոք չի ներկայացրել։ Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու համար գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ուստիև' 2015 թվականի մարտի 19-ին որոշում է կայացվել Վ.Սահակյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել' դիմողի բողոքի բացակայության հիմքով:

 

 

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Աբովյանին մեղադրանք է առաջադրվել' Նիկողոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

 


Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: