Իրանի նավթի նախարար Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի հետ տնտեսական համագարծակցության երկարաժամկետ ծրագրեր ունի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, իրանցի նախարարը «Seda» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ իրենք ծրագրում են երկարաժամկետ ծրագրեր սկսել ՌԴ-ի հետ: «Մեր ծրագրերը վերաբերում են տնտեսական ու տեխնիկական ոլորտներում համագործակցությանը, և դրանք բոլորովին լուրջ են: Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում քաղաքական կամքն ուժեղ է ամենաբարձր մակարդակում»,- նշել է նա և հավելել, որ իր կարծիքով' ճիշտ կլինի զարգացնել հարաբերությունները նաև Ճապոնիայի, Հնդկաստանի և արագ զարգացող մյուս տնտեսությունների հետ:

 

Նախարար Զանգանեն հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը ծրագրում են զարգացնել հարաբերությունները ոչ միայն առևտրի ոլորտում: «Մենք ռուսների հետ կարող ենք համագործակցել ցամաքային տրանսպորտի և էլեկտրակայանների կառուցման ոլորտներում: Կարող ենք նաև ՌԴ-ից գնել նավթային սարքավորումներ և այլ արտադրանքներ»,- ասել է նա:

 

Իրանցի նախարարը հիշեցրել է, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նաև իրանական նավթը ռուսաստանյան ընկերություններին մատակարարելու մեկնարկի մասին: Այդ համաձայնագրով' ՌԴ-ն պետք է օրեկան գնի 500 հազար բարել նավթ, իսկ ռուսական կողմը կվճարի կանխիկ միջոցներով, ինչպես նաև վաճառելով այլ ապրանքներ և ծառայություններ: