Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա. 2019 թվականին նախատեսվում է Երևանում հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել:

Հայաստանում Լեհաստանի դեսպանի նստավայրում «Լեհաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները. ներկայիս իրավիճակը և համագործակցության հեռանկարները» թեմայով ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց դեսպան Պավել Չեպլակը:

Դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Մարեկ Ռեշուտայի խոսքով' դեսպանատունը պատրաստ է երկու երկրների միջև զարգացնել բիզնես համագործակցությունը: «Հայաստանից Լեհաստան արտահանվում են մեծամասամբ ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր, տեքստիլ , պատրաստի սննդի արտադրանք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ: Իսկ Լեհաստանից ձեր երկիր ներմուծվող արտադրանքը բազմազան է: Մեզ համար կարևոր է հայկական բազմազան արտադրանքի ներմուծումը Լեհաստան»,- ասաց նա:

Ռեշուտան, անդրադառնալով վիճակագրական տվյալներին, նկատեց, որ Հայաստանը Լեհաստան արտահանում է այնքան տեքստիլ, որքան Լեհաստանից ներմուծվում է Հայաստան: «Լեհաստանում գործարարները մտածում են եկամտի մասին, և եթե նրանք կարող են ավելի մատչելի արտադրանք ձեռք բերել հարևան Ուկրաինայից, ինչու պետք է հասնեն մի երկիր, որը շատ հեռու է մեզանից: Այստեղ կարևոր է օգտագործել զբոսաշրջությունը, բայց Լեհաստանից Վրաստան ավելի մատչելի է հասնել, քան դեպի Հայաստան: Պետք է այնպես անել, որ զբոսաշրջիկը Հայաստանում երկար մնա»,- նկատեց նա:

Դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավարը նշեց, որ Լեհաստանում բիզնեսի զարգացման հետ կապված մի շարք միջոցառումներ են կազմակերպվում, բայց Հայաստանում ևս ցուցահանդեսներ անցկացվում են, և պետք է այնպես անել, որ լեհ գործարարները մասնակցեն դրանցն: «Գործարարը պետք է իմանա, որտեղ կարելի է ներդրում անել: Մեզ մոտ՝ Լեհաստանում շատ զարգացած է ագրոտուրիզմը, լեռնային տուրիզմը, իսկ դուք ունեք այդ բոլոր հնարավորությունները այստեղ զարգացնելու այդ ամենը: Հայաստանն ունի էկոլոգիական զբոսաշրջության երկիր դառնալու մեծ ներուժ»,-նշեց Ռեշուտան: