Հունվարի 19-ից ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որը նախագահում են հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:

 

 

Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված են նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման, ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոնների ստեղծման ոլորտում համագործակցության իրականացման, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հարցեր:

 

 

Նիստի շրջանակում հունվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ, Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:

 

 

Միջկառավարական հանձնաժողովի' հունվարի 20-ին կայացած նիստին ողջունելով Հայաստան ժամանած ռուսական պատվիրակության անդամներին' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին համագործակցության և իրականացված համատեղ աշխատանքի համար, համառոտ ներկայացրել է այն իրավական որոշումներն ու դրույթները, որոնք կոչված են խթանելու երկկողմ ռազմական համագործակցությունը, նոր հնարավորություններ են ընձեռում համատեղ ձեռնարկությունների կազմավորման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է երկու երկրների պաշտպանունակության բարձրացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:

 

 

Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 22-ը: