Երևանում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը, տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

 

Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի պատվիրակությունները:

 

Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր խոսքում, մասնավորապես նշել է.«Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր ուժերի համատեղման շնորհիվ ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական ինտեգրման և որոշումների համալիր ապահովման բնագավառում հասել ենք շոշափելի արդյունքների: Այս նիստի ծրագրի շրջանակներում կբացենք «ԿԱՄԱԶ-ՀԱՅԱՍՏԱՆ» սերտիֆիկացված սպասարկման կենտրոնը, որը նախատեսված է Պաշտպանության նախարարության և այլ ուժային կառույցների ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար»:

 

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում կարևորել է նաև Գործարար խորհրդի նշանակալի դերը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ինտեգրացիայի գործում, նշելով նաև, որ ստեղծման փուլում են համատեղ ձեռնարկություններն ու սերվիս-կենտրոնները:

 

«Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ոլորտի հարցերը, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը գտնվում են մեր երկրի քաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում' Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- նշել է Ա. Բաղդասարյանը:

 

ԱԱԽ քարտուղարը խոսել է նաև ստեղծվելիք' Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի մասին, որի խնդիրներից է լինելու հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ռազմական արդյունաբերության ոլորտում համապատասխան ծրագրերի կատարման արդյունքների ամփոփումն ու գնահատումը:

 

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին ասել է, որ ռազմատնտեսական համագործակցության դերը, որպես անվտանգության ոլորտում համագործակցության կարևորագույն բաղադրիչ, բարձրանում է: Նա շեշտել է, որ առաջիկայում համագործակցության հիմնական ուղղություններից մեկը լինելու է ռազմական տեխնիկայի վերանորոգման սերվիս-կենտրոնների ստեղծումը:

 

Նիստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական արտադրանքի ստանդարտացմանը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական արդյունաբերության մրցունակության ապահովման հարցում, ՀԱՊԿ-ի շրջանակներում զինված ուժերին մատակարարվող առարկաների կատալոգավորման միջպետական համակարգի ստեղծմանը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մեխանիզմների կատարելագործման հարցերին:

 

Նիստի ավարտին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի ղեկավարները ստորագրեցին համապատասխան արձանագրություն, որտեղ ամրագրվեցին նիստի ընթացքում ընդունված որոշումները: