Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2014թ. փաստաթղթերի գնահատման նպատակով մարտի 2-ից 6-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, այց շրջանակներում մարտի 3-ին տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը:

 

 

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվել են ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2014թ. գնահատման նախնական արդյունքները: Նշվել է այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձել են իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:

 

 

Տեղեկանք: Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է< i> ընթանում նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պլանավորման և աղետների արձագանքման բնագավառում, «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: