Մարտի 20-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։
Տիգրան Ավինյանը ասել է.
«Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկեր ԱԳ նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանին ծննդյան կապակցությամբ: Պարոն Մնացականյան, շնորհակալություն Ձեզ, և արտաքին գործերի նախարարության ամբողջ աշխատակազմին, մեր դեսպաններին, մեր դիվանագետներին իրենց բարձրորակ աշխատանքի համար մանավանդ այս ծանր շրջանում:
Այսօր մենք կքննարկենք տարբեր գերատեսչությունների կողմից առաջարկվող հարցեր, խնդիրներ ու լուծումներ: Կքննարկենք նաև որոշակի նոր միջոցառումներ, որոնք նախատեսվում է շատ կարճ ժամանակամիջոցում ներմուծել: Խոսքը գնում է, մասնավորապես, տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցերի, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից նրանց պաշտպանելու միջոցառումների մասին»:
Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը:
Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուների բնակության վայր ու փոխանցեն կենսաթոշակները, կարևորվել է փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորմանը: