Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստը։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է APA-ն։
«Մենք ակնկալում ենք, որ կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի՝ հաղորդակցության վերականգնման հետ կապված»,- ասել է Բայրամովը։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը համակարգված քայլեր է ձեռնարկում կարգավորման ուղղությամբ, և որ ադրբեջանական կողմից ճանապարհների և երկաթգծերի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։
Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը համագործակցել է Իրանի հետ այս ուղղությամբ, և առաջիկայում կարվեն հետագա քայլերը։
«30 տարի սահմանազատման հետ կապված գործնական քայլեր չեն արվել։ Եկել է այս հարցը իրավական շրջանակներում լուծելու ժամանակը։ Բրյուսելյան հանդիպումից հետո առաջին համատեղ հանդիպումն արդեն կայացել է։ Սա ճանապարհի առաջին քայլն ու սկիզբն է»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։