Բաքվի օլիմպիական ավանում ավստրուհի լողորդներին վրաերթի ենթարկելու տեսագրությունը տարածած ադրբեջանցի ոստիկանը հեռացվել է աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արբեջանական Contact.az-ը, այս մասին հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից:
Սինքրոն լողորդուհիներ Վանեսա Սախինովիչը, Լունա Պայերը և Վերենա Բրայտը վրաերթի էին ենթարկվել օլիմպիական ավանում ավտոսբուսի վարորդի անզգուշության հետևանքով: Երեք լողորդներն էլ վնասվածքներ էին ստացել, սակայն նրանցից ամենածանրը Վանեսայի վիճակն է, ով տեղափոխվել է Վիեննա և վիրահատվել, ինչից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել: Երեք մարզուհիներն էլ այլևս չեն կարողանալու մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին:
Լողորդուհիներին վրաերթի ենթարկած ադրբեջանցի վարորդ Ալի Ահմեդովը կարող է դատապարտվել մինչև երեք տարվա ազատազրկման, ինչպես նաև նույն ժամկետով զրկվել վարորդական իրավունքից: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից և գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ալի Ահմեդովը ձերբակալվել է մինչև գործի քննության ավարտը: Նրա դեմ գործ է հարուցվել «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է ծանր վնաս տուժած անձի առողջությանը» հիմնավորմամբ:
Ավելի ուշ համացանցում հայտնվել էր այն տեսագրությունը, որտեղ երևում էր, թե ինչպես է տեղի ունենում վթարը: Ավտոբուսի վարորդի անզգուշությունն ու անբարեխղճությունն արդեն իսկ հասցրել է մեծ քննադատությունների պատճառ դառնալ: