Ստամբուլի Էթիլեր թաղամասում գտնվող սուպերմարկետներից մեկի 3 կին աշխատակից հայտնել են, որ գլխաշոր կրելու պատճառով հեռացվել են աշխատանքից։ Վերջիններս՝ Դիդեմ Նուր Բաթալը, Սերմին Թոփուզը և Փերիհան Բաշաք Սյոզբիրը, դիմել են Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազություն՝ բողոք ներկայացնելով «ADECCO» զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերության տնօրենի և Թուրքիայում հայտնի Migros սուպերմարկետների ցանցի տվյալ մասնաճյուղի տնօրենի դեմ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ ապրիլի 28-ին այդ կանայք աշխատանքի են ընդունվել «ADECCO» զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերության կողմից։ Սակայն հաջորդ օրը, երբ գնացել են աշխատանքի, սուպերմարկետի տնօրենն ասել է․ «Զարմացա, երբ ձեզ տեսա, քանի որ մեր սուպերմարկետը գլխաշորով կանանց աշխատանքի չի ընդունում»։

Միջադեպի առնչությամբ տվյալ մասնաճյուղի պատասխանատուները հայտնել են, որ իրենց խանութներում գլխաշոր կրող բազմաթիվ աշխատողներ ունեն, որոնց նկատմամբ որևէ սահմանափակում չեն կիրառում և որոնց միջև որևէ խտրականություն չեն դնում։