Երևան-Ստամբուլ չվերթի դադարեցման պատճառով շուրջ 150 ուղևոր է մնացել Ստամբուլում: Նրանք պետք է նոյեմբերի լույս 27-ի գիշերը թռչեին Հայաստան, սակայն ինչպես հայտնել ենք, Atlas Global-ը չեղարկել է բոլոր թռիչքները:
Օդանավի տոմս գնած հայերը բողոքում են, որ տոմսեր վաճառող ոչ մի ընկերություն վաղօրոք չի տեղեկացրել թռիչքների չեղարկման մասին: Ուղևորներն այլընտրանքային ճանապարհներ են փնտրում Հայաստան հասնելու համար:
Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում, և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։