ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) դեռեւս չի պատրաստվում փակել «Հրազդան» տոնավաճառի մի մասը: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, արձագանքելով այն տեղեկություններին, թե «Հրազդան» տոնավաճառի մի մասը' մասնավորապես թանկարժեք ապրանքների բաժինը փակվելու է: «Ոչ մի բան չի փակվելու»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Աշոտ Աղաբաբյանը նաեւ հավաստիացրեց, որ առեւտրականները եւս չեն հեռանում շուկայից: Վերջինս, այլ մանրամասնություններ այս պահին չասաց, նշելով, որ որոշում է ընդունել, որ մինչեւ նախագահական ընտրություններ չի խոսելու:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասել էր, որ իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի մոտ գործող, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնի գործունեությունը չի անդրադարձել «Հրազդան» տոնավաճառի գործունեության վրա: «Ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ եմ, քանի որ մեր առեւտրի կենտրոններից տարբեր սոցիալական խավերի մարդիկ են օգտվում»,- ասել էր նա: Աշոտ Աղաբաբյանը նաեւ ասել էր, որ առեւտուրը որոշ չափով նվազել է, բայց դա պայմանավորված է, ոչ թե «Դալմա Գարդեն մոլ»-ի գործունեությամբ, այլ այն փաստով, որ այս սեզոնին առեւտուրը նվազում է: