«Բացարձակ սուտ է, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Իսկ զրպարտության համար ես պատրաստվում եմ դիմել դատարան»,- SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փեսա Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը առևանգել Լիանա Շահբազյանի «Պորշ Կայեն» ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներով լուր տարածվեց, որ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է գրել ոստիկանություն այն մասին, որ չկարողանալով վերադարձնել մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից վերցրած հինգ միլիոն դրամ պարտքը՝ առաջարկել է գրավադնել իր «Պորշ Կայեն» ավտոմեքենան, սակայն պատգամավորի փեսան՝ Վարդան Հարությունյանը, առևանգել է մեքենան, իսկ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի հիմնադիր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է կնոջը և վերջինիս աղջկան:
Լուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար փորձեցինք, սակայն հանրապետությունից բացակայելու պատճառով չկարողացանք կապ հաստատել Աշոտ Աղաբաբյանի հետ: Փոխարենը մեր հարցերին պատասխանեց ԱԺ պատգամավորի փեսան՝ Վարդան Հարությունյանը:
Հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնելուց՝ Վարդան Հարությունյանն ասաց, որ ուզում է նշել միայն, որ տարօրինակ չէ՞ արդյոք, որ մատուցողուհի-հավաքարար աշխատող անձնավորությունը կարող է տներ, տարածքներ, խանութ ու «Պորշ Կայեն» ավտոմեքենա ունենալ, եթե մարդ ապրում է միայն աշխատավարձով:
Մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրում նման կարողությունը, մեր զրուցակիցն ակնարկեց, որ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցը, չարաշահելով իր հանդեպ Աշոտ Աղաբաբյանի ունեցած վստահությունը, բոլոր հնարավոր և անհնար անձանցից որպես պարտք հսկայական գումարներ է յուրացրել:
Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության համաձայն՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանը առաջարկել է Լիանա Շահբազյանին Աշոտ Աղաբաբյանի անվամբ տալ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում և ստացված վարկի գումարով կփակվեն պարտքերը, որին պարտապանը չի համաձայնել:
SHAMSHYAN.com-ը կապ հաստատեց Գագիկ Ժամհարյանի հետ, ով հերյուրանք որակեց վերոնշյալ տեղեկատվությունը՝ ասելով, որ ոչ միայն Լիանա Շահբազյանի գրած լիազորագիրն իր մոտ է, այլև դա եղել է հենց իրենց նախկին աշխատակցուհու մտահղացումն ու առաջարկը:
«Պատկերացնելու համար, թե ում մասին է խոսքը, ասեմ միայն, որ Լիանա Շահբազյանն այնքան շոր է, այսպես ասած, «նիսյա» վերցրել տոնավաճառի աշխատակիցներից, որ այժմ ստիպված մենք ենք վճարում այդ հագուստների համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Գագիկ Ժամհարյանը:
Մանրամասները՝ այստեղ։