Հայաստանն առանձին արձանագրությամբ միացավ Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության պայմանագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովը վավերացրեց 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը: Արձանագրությանը կողմ քվեարկեց 89, դեմ՝ 4 պատգամավոր:

 

Խորհրդարանը վավերացրեց նաև ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության հետ կապված մյուս երկու արձանագրությունները ևս: 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը կողմ քվեարկեց 91, դեմ՝ 4 պատգամավոր:

 

2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրությանը կողմ քվեարկեց 91, դեմ՝ 4 պատգամավոր:

 

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 10-ին: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ին: Պայմանագրի կնքումից մինչև դրա ուժի մեջ մտնելու ժամկետը ԵԱՏՄ-ի կողմից ստորագրված համաձայնագրերին Հայաստանը պետք է միանա առանձին արձանագրությամբ: