Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը,  Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Խորհրդի մասնակիցները ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են` առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:

Որոշում է կայացվել է 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին: