Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից նախագահությունը պաշտոնապես Հայաստանին է փոխանցվել 2021 թ. սեպտեմբերին՝ կազմակերպության վերջին նստաշրջանին:
Հայաստանն արդեն ձևակերպել է կազմակերպությունում նախագահության առաջնահերթությունները՝ հաշվի առնելով վերջին տարիների մարտահրավերները: Դրանք ներառում են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման հարցերը։ Կառույցի մյուս ավանդական առաջնահերթությունները, այդ թվում՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարը, պահպանվում են:
ՀԱՊԿ-ի նոր գերակայությունների թվում է դիմակայությունը կենսաբանական սպառնալիքներին։ ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից կստեղծվի կենսաբանական անվտանգության հարցերով լիազորված մարմինների համակարգող խորհուրդ։
2022 թ. ավարտին ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: