Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1.9 տոկոսով։ Ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում՝ 8.3 տոկոս 2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում:
Արդյունաբերական արտադրանքի ծավալները ԵԱՏՄ-ում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 3.3 տոկոսով։ Արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցել է վերամշակող արդյունաբերությունը՝ 62.7 տոկոս և հանքարդյունաբերությունը՝ 27.9 տոկոս։ ԵԱՏՄ երկների շարքում վերամշակող արդյունաբերության ծավալների գծով ամենամեծ աճն արձանագրվել է Հայաստանում՝ 9.6 տոկոս, չնայած այն հանգամանքին, որ հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում՝ 12.7 տոկոսով։
Ղազախստանում, Ղըրղզստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները աճել են համապատասխանաբար 2 և 4 տոկոսներով։ Սակայն գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցվել Հայաստանում՝ 4.6, Բելառուսում՝ 2.3, Ռուսաստանում՝ 3.3 տոկոսով։ Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի անկումը կազմել է 2.4 տոկոս։ Հատկանշական է, որ ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքում ՀՀ մասնաբաժինն ավելացել է 0.2 տոկոսով՝ կազմելով 1.6 տոկոս։
2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ երկրներում շինարարության ծավալները չեն փոփոխվել, թեպետ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում, բացառությամբ Ռուսաստանի (անկումը՝ 0.7 տոկոս) գրանցվել է աճ. Հայաստանում՝ 19.2 տոկոս, Ղըրղզստանում՝ 7, Բելառուսում և Ղազախստանում՝ 4.4 տոկոս։
ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր բեռնաշրջանառությունն աճել է 3.2, ուղևորաշրջանառությունը՝ 5.3 տոկոսով։ Ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մնացած երկրների՝ ՀՀ-ում ուղևորաշրջանառության անկում է նկատվել 5 տոկոսով, ինչը պայմանավորված է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով փոխադրումների ծավալների կրճատմամբ՝ նախորդ տարվա համեմատ 10.2 տոկոսով նվազմամբ։ Իսկ բեռնաշրջանառության աճին նպաստել են հիմնականում երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումները։
ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրը աճել է 3.1 տոկոսոով, մասնավորապես ամենաբարձր աճը գրանցվել է Բելառուսում՝ 9.1 տոկոս, ապա Ղազախստանում՝ 7 տոկոս։ Հայաստանում 2018թ.-ի 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտուրն աճել է 1.6 տոկոսով։
ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրում արտահանման ծավալներն աճել են 13.5 տոկոսով, արտաքինը՝ 22 տոկոսով։ 2018 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանի մասնաբաժինը արտաքին առևտրում կազմել է 84,1 տոկոս, Ղազախստանինը՝ 9,8, Բելառուսինը՝ 4,8, Ղըրղզստանինը՝ 0,6 տոկոս։ ՀՀ մասնաբաժինն արտաքին առևտրում 0.7 տոկոս է։ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 10.2 տոկոսով, ներմուծմանը՝ 37.4։ Հատկանշական է, որ արտաքին առևտրի արտահանման կառուցվածքում Հայաստանում, Բելառուսում և Ղըրղզստանում բարձր աճ է գրանցել տեքստիլ արտադրանքը, որի ծավալներն աճել են համապատասխանաբար 23.4, 25.6 և 39.3 տոկոսներով։
Փոխադարձ առևտրի արտահանման կառուցվածքում ՀՀ տեսակարար կշիռը 1.1 տոկոս է։ Պետք է նկատել, որ արտահանման ծավալների աճով ՀՀ-ն առաջինն է՝ 33.1 տոկոս, որին նպաստել են մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալների աճը։ Վերջինս ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրների շարքում. աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 109.9 մլն ԱՄՆ դոլար։