Հայաստանի Հանրապետությունը երջանկության ինդեքսով աշխարհի 46 երկրների շարքում 7-րդն է: Այս մասին փետրվարի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը, ներկայացնելով իրենց կողմից իրականացված հարցումների համադրությունն աշխարհի 46 երկրում իրականացված նույն հարցման պատասխանների հետ:
«Երջանկության ինդեքսը հաշվարկվել է հետևյալ հարցի միջոցով. «Ընդհանուր առմամբ դուք անձնապես ձեզ համարում եք շատ երջանիկ, երջանիկ, ոչ երջանիկ/ոչ դժբախտ, դժբախտ և շատ դժբախտ: Շատ երջանիկ նշել է հարցվածների 13%-ը, երջանիկ' 60-ը, ոչ երջանիկ/ոչ դժբախտ նշել է 23%-ը, դժբախտ նշել է 2%-ը, շատ դժբախտ' 1%, և դժվարացել է պատասխանել հարցվածների 1%-ը»,- ասաց Դաջունցը:
Հարցումների համաձայն' Հայաստանից առավել երջանիկ երկրներն են Կոլումբիան, Ինդոնեզիան, էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան և Ֆիլիպինները:
Հետազոտությունն աշխարհի 46 երկրում իրականացնում է «GALLUP International association»-ը՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով: ՀՀ-ում ընտրանքի քանակը կազմել է 1517, հարցումներն իրականացվել են և՛ Երևանում, և՛ մարզերում՝ մարզկենտրոններ, գյուղեր: