Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան 2008 թվականին ցանկալի չի եղել երկրի արտաքին գործերի նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, այս մասին հայտնել է Գյուլի երկար տարիների գլխավոր խորհրդական Ահմեդ Սևերը, ում հեղինակած «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ» խորագրով գիրքը լույս է տեսել օրերս:

 

Թուրքական հեռուսաալիքներից մեկին հյուրընկալվելու ժամանակ Սևերը պատմել է գրքում տեղ գտած հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության վերաբերյալ մանրամասներ, որոնք նախկինում հրապարակված չեն եղել: Անդրադառնալով Երևան նախատեսված Գյուլի այցին' Սևերը նշել է. «Մի ընդունելության ժամանակ այդ շրջանի վարչապետ Թայիփ Էրդողանը պարոն Գյուլի խորհրդականներից մեկին ցույց է տվել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղին՝ ասելով. «Հայաստան գնալուն նա էլ է դեմ»: Սակայն Գյուլը, չնայած մենակ էր մնացել, գնաց, և այդ գործընթացը դարձավ արձանագրությունների ստորագրման սկիզբը»:

 

Սևերը խոստովանել է, որ Գյուլը քրդական, հայկական և կիպրական հարցերը շատ էր կարևորում: Նա պատմել է, որ Թուրքիայի նախկին նախագահը «հույս է ունեցել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը նոր փուլ կարող է բացել երկու երկրի հարաբերություններում»: «Արտգործնախարարությունը չէր ուզում, որ նա գնա: Նրանք մտահոգ էին, որ այցը կարող է վնասակար լինել անվտանգությանը և Ադրբեջանի հետ հարաբերություններին»,- հայտնել է Սևերը:

 

«Աբդուլլահ Գյուլի հետ 12 տարի. ապրեցի, տեսա, գրեցի» անունը կրող գիրքը բաղկացած է 208 էջից: Գրքում Գյուլի խորհրդականը բացահայտել է նախկինում չլուսաբանված շատ դեպքեր, ինչպես, օրինակ, Գյուլ-Էրդողան ներքին հակասությունները, մանրամասներ Գեզիի դեպքերի, 2013թ. դեկտեմբերի 17-25-ը երկիրը ցնցած «Մեծ կաշառք» գործի վերաբերյալ, պատմել է Թուրքիայի նախկին նախագահի զղջումների և «երանիների» մասին: Գրքում կան հատվածներ սիրիահայերին Թուրքիա տանելու նպատակով պատրաստված գաղտնի ծրագրի վերաբերյալ: