Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը,այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն սկսել է նիստը, որի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ հաստատվեց նիստի օրակարգը, որում ներառված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը: Նիստին ներկա չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն անդրադառնալով նրա բացակայությանն՝ ասաց. «Սա աննախադեպ երևույթ է: Առաջին անգամ է, երբ լիցենզավորված ընկերություն հայտ է ներկայացրել ու չի մասնակցում նիստին: Ցանկացած բառ, որ ասեմ, կարող է ավելի մեղմ լինել, իսկ խիստ արտահայտածը՝ ոչ պարկեշտ: Ինչպես ինքն է շանտաժի լեզվով խոսում, այնպես էլ մենք համապատասխան արձագանք կտանք»: