Ճապոնացի գիտնականները մշակել են մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս արյան մեկ կաթիլով երեք րոպեում հայտնաբերել ուռուցքաբանական հիվանդությունը վաղ փուլում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Տեխնոլոգիան թույլ է տալիս ընդամենը մեկ կաթիլ արյամբ որոշել չարորակ ուռուցքի առկայությունը, ինչպես նաև վաղ փուլում հայտնաբերել ստամոքսի, հաստ աղու և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ընդամենը երեք րոպեում: Նման տեխնոլոգիա աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է MYTECH ընկերության գիտական աշխատակից Կացույուկի Հասեգավան, ընկերություն, որը Սյովա համալսարանին կից Տոյոսյու հիվանդանոցի հետ համատեղ ստեղծել է նոր տեխնոլոգիան:

 

Ընկերությունը մշակել է հատուկ բաղադրության մետաղից թիթեղ: Չարորակ ուռուցքով հիվանդի՝ թիթեղի վրա զետեղված արյան կաթիլն ուլտրամանուշակագույն և այլ տեսակի ճառագայթումներով մշակման ժամանակ սկսում է լուսարձակել, իսկ բարորակ ուռուցքով մարդու արյունը լույս չի ճառագայթում:

 

«Սա աշխարհում բացարձակ նոր նվաճում է: Այս եղանակը պարզ է կիրառման մեջ և այն կարելի է ցանկացած հիվանդանոցում սկսել օգտագործել թեկուզ վաղը»,- ասել է Հասեգավան: