Ֆրանսիական Լիոն քաղաքի կենտրոնական հրապարակում «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառման ժամանակ խաղաղ ցույց իրականացրած հայ երիտասարդների վրա թուրքական հյուպատոսարանի աշխատակիցների հարձակումից հետո երկրում Թուրքիայի գլխավոր հյուպտոս Հիլմի Էգե Թյուրեմենը բողոք է ներկայացրել հայերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

 

 

Հայ երիտասարդների վրա հարձակված Թյուրմենն իրավապահ մարմիններին է դիմել և պահանջել հետաքննել կատարվածը և «համապատասխան տույժ սահմանել պատասխանատուների նկատմամբ»:

 

 

Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառման ժամանակ հայ երիտասարդները ներկաների ուշադրությունը հերթական անգամ ցանկացել են հրավիրել Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության վրա: Հայ երիտասարդների բողոքի ակցիան, սակայն, խաղաղ ընթացք չի ունեցել: Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևը համարվող «Նոր սերունդ» կազմակերպության անդամները նստացույց են իրականացրել Ֆրանսիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տաղավարի առջև, որտեղ էլ հարձակման են ենթարկվել հյուպատոսարանի աշխատակիցների և անձամբ հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենի կողմից: