Երևանում հունիսի 19-ին կյանքի 73-րդ տարում վախճանվել է ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի գրողների միությունից:

 

 

Վառլեն Ալեքսանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 20-ին ժամը 18-ից Զովունի 1-ին փողոցի 1-ին տարածքի ՊԱԳՈ սգո սրահում, իսկ վերջին հրաժեշտը՝ հունիսի 21-ին, ժամը 12-14-ը Հայաստանի գրողների միության դահլիճից:

 

 

Վառլեն Ալեքսանյանը ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Թալինի շրջանի Գառնհովիտ գյուղում (ներկայումս՝ Արագածոտնի մարզի): Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում, «Հայկական հանրագիտարանում», եղել է «Հայաստան» հրատարակչության, ՀԳՄ հրատարակչության, Ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» թերթի գլխավոր խմբագիրը:

 

 

Վառլեն Ալեքսանյանը բանաստեղծական տասնյակ գրքերի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանված են ռուսերեն, ֆրանսերեն, սլովակերեն, վրացերեն և այլ լեզուներով:

 

 

Նրա գրական գործունեությունը արժևորվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, ՀԳՄ Գրական վաստակի համար մեդալներով, «Թեքեյան» մշակութային միության, ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան և այլ մրցանակներով:

 

 

Վառլեն Ալեքսանյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների և ընթերցողների սրտերում: