Երեկ՝ հունիսի 21-ին, վեցերորդ տարին անընդմեջ Orange-ը երաժշտասերների հետ միասին տոնեց Երաժշտության համաշխարհային օրը՝ պրոֆեսիոնալ և սիրողական երաժիշտներին ու խմբերին հնարավորություն ընձեռելով ելույթ ունենալ Երևանում կազմակերպված համերգին:

 

 

Հունիսի 21-ին՝ տարվա ամենաերկար օրը, աշխարհի ավելի քան 700 քաղաքներում սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտները նշում են Երաժշտության տոնը' անվճար համերգներ տալով քաղաքների փողոցներում, այգիներում, հրապարակներում: Երևանը նույնպես այս քաղաքների շարքում է, և այդ օրը հանրության կողմից արդեն սիրված երաժիշտների ու խմբերի համար, ինչպես նաև երաժշտական ասպարեզում իրենց գործունեությունը նոր սկսող երիտասարդների համար վերածվել էր համերգային հարթակի: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Օրանժ Արմենիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու ՀՀ Մշակույթի նախարարությունն իրենց ուժերը համատեղել էին՝ տոնական այս օրը նշելու համար:

 


Երեկոյան Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում Orange-ը կազմակերպել էր մեծ համերգ, որի ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ ունեցան արդեն շատ սիրված The Beautified Project, EmpYraY, Որդան Կարմիր, The Windrose, Նաիրի, HIGH և Միացյալ Նահանգներից ժամանած Palm of Granite խմբերը: Հրապարակում հավաքված բազմաթիվ երաժշտասերներ մեծ ակտիվությամբ և ոգևորությամբ մասնակցեցին այս յուրահատուկ երաժշտական միջոցառմանը:

 


Ավելի վաղ նույն հրապարակում Orange-ի բեմում Ֆրանսիայի Դեսպանության նախաձեռնությամբ ֆրանսիական երգի սիրահարների համար «Top 15 pour 2015» համերգի շրջանակներում սիրողական երաժիշտներ ու խմբեր կատարեցին ժամանակակից ֆրանսիական երգեր:

 


ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Հաղթանակի զբոսայգում ամենափոքրիկ երևանցիների համար տեղի ունեցավ մանկական համերգ՝ «Արևներ» մանկական անսամբլի մասնակցությամբ և ջազ-էստրադային համերգ՝ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի» սաների և անհատ կատարողների մասնակցությամբ: Դասական և էթնիկ երաժշտությունը նախընտրողների համար՝ Կոնսերվատորիայի պուրակում ելույթ ունեցան «Օլդ Բենդ» ֆոլկ վոկալ քառյակը, «Զանգակներ» համույթը և «Արտ վոկալ անսամբլ»-ը:
Հիշեցնենք, որ Երաժշտության տոնը ստեղծվել է 1982թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Տոնի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ֆրանսիացիների մշակութային սովորույթներն ուսումնասիրող մի հարցման արդյունքում բացահայտվել է, որ հինգ միլիոն մարդ՝ այսինքն երկու երիտասարդներից մեկը, երաժշտական որևէ գործիք է նվագում : Այս վերլուծությունն այդ ժամանակվա Մշակույթի նախարարին դրդել է ուղիներ փնտրել՝ այդ մարդկանց փողոցում ինքնաարտահայտվելու հնարավորություն ընձեռելու:

 


Հայաստանում Երաժշտության տոնը նշում են վերջին տասը տարիների ընթացքում՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ Երևանում և մարզերում: