Գյումրու Թատերական հրապարակում, ինչպես նախօրոք հայտարարվել էր, դարձյալ հավաքվել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող գյումրեցիները: Չնայած հորդառատ անձրևին, պայմանավորված ժամին, բոլորը հրապարակում էին, ավելին՝ ինչպես մեկ օր առաջ, Թատերական հրապարակում ակտիվիստներն իրենց բողոքի հավաքի սկիզբն ազդարարեցին հայրենասիրական երգերով ու պարով: Ավելի ուշ տեղի ունեցավ երթ Թատերական հրապարակից դեպի Վարդանանց հր ապարակ, որը նորից վերադարձավ Թատերական հրապարակ:

 

 

Չնայած նոր տեղումներին, բողոքի մասնակիցները կշարունակեն իրենց նստացույցը նաև այսօր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ակտիվիստներ Արմեն Ներսիսյանն ու Կարեն Պետրոսյանը: «Անկախ եղանակային պայմաններից մեր բողոքի ակցիան շարունակվելու է մինչև տրամաբանական ավարտը: Նայելով երիտասարդության ոգևորությանը, իմ կարծիքով, այս շարժումը կասեցնելն անհնար է: Գիշերը շարունակելու ենք նստացույցը»,- նշեց Արմեն Ներսիսյանը: Խոսելով Գյումրիում ոստիկանների գործողությունների մասին՝ Արմեն Ներսիսյանը փաստեց, որ «հունիսի 23-ից հետո ոստիկաններն իրենց գործողությունների մեջ խելամիտ են:

 

 

Արմենուհի Մխոյան