Արևամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 (Si2) շվեյցարական ինքնաթիռը, որը շուրջերկրյա թռիչք է կատարում, հուլիսի 1-ին գերազանցել է առանց լրալցավորման անվայրէջք թռիչքի տևողության՝ համաշխարհային օդագնացության ռեկորդը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է NBC հեռուստաալիքը:

 

«Ինքնաթիռի ղեկանիվի առջև գտնվող շվեյցարացի Անդրե Բորշբերգը նոր ռեկորդի մասին նորությունը հայտնել է այն բանից հետո, երբ թռիչքից անցել է 80 ժամ և հաղթահարվել է 5663 կիլոմետր տարածություն»,- նշել է հեռուստաալիքը: Այսպիսով Solar Impulse 2-ը գերազանցել է 2006 թվականին Սթիվ Ֆոսեթի սահմանած նվաճումը. նա թռել է 76 ժամ և 45 րոպե Virgin Atlantic Global Flyer ռեակտիվ ինքնաթիռով: Միաժամանակ Si2-ը սահմանել է արևամարտկոցներով ավիացիայի համար հեռվության և թռիչքում գտնվելու ռեկորդներ:

 

Ինքնաթիռը ճանապարհ է ընկել մարտի 9-ին Աբու Դաբիից: Այն վեց կանգառ է կատարել Օմանի, Հնդկաստանի, Մյանմայի և Չինաստանի տարածքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: