ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով ապագա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուների քանակը, կատակով նրանց առաջարկել է «Սոված խաղեր» խաղալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill հրատարակությանը: Խոսքը վերաբերում է ամերիկացի կին գրող Սյուզեն Քոլինզի բեսթսելլեր գրքերի շարքին, ըստ որոնց Հոլիվուդում մի քանի հանրաճանաչ ֆիլմեր են նկարահանել: Ըստ սյուժեի՝ խոսքը վերաբերում է դաժան զվարճալի շոուին, որի մասնակիցները պետք է սպանեն միմյանց մինչև որ մնա նրանցից միայն մեկը:
«Մեզ մոտ՝ Դեմոկրատական կուսակցությունում, առողջ մրցակցություն է: Բայց ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե հանրապետականներից քանիսն են հավակնում այդ պաշտոնին: Նրանց թիվը բավական է «Սոված խաղեր» կազմակերպելու համար»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը՝ ելույթ ունենալով Վիսկոնսինի համալսարանում:
Վերջին տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի աթոռին հավակնում է 15 մարդ, այդ թվում՝ միլիարդատեր Դոնալդ Թրամպը և ԱՄՆ-ի նախկին նախագահի եղբայրը՝ Ջեբ Բուշը: Դեմոկրատական կուսակցությունից իրենց թեկնածություններն են դրել հինգ հոգի, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: