Այսօր՝ հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Քանաքեռ 14 փողոցի 24/1 տանը հայտնաբերել են մահացած կնոջ դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին՝ կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:
Ոստիկանություն են բերման ենթարկել 42-ամյա Վահան Կարապետյանին, ով մահացածի ամուսինն է և կասկածվում է կնոջը սպանելու մեջ: Ամուսինը սառնասրտորեն ոստիկաններին ու քննիչներին պատմում էր, թե որտեղ և ինչպես է սպանել կնոջը: Այնուհետև մատնացույց արեց, թե որտեղ է թաքցրել այն դանակը, որը սպանությունից հետո մաքրել էր: Ոստիկաններին ներկայացրեց նաև մեկ այլ խոհանոցային դանակ, որը նա թաքցրել էր բազկաթոռի մեջ:
Ոստիկաններն ու քննիչները այդ դանակներն առգրավեցին:
Բազմոցին դրված էր նաև Աստվածաշունչ, և ստահակը սառնասրտորեն պատմում էր, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետև վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չար դուրս հանել»: Ընթացքում էլ ստիպել է կնոջը՝ «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր» և էլի մի քանի արտահայտություններ է արել, որից հետո իր սև գործն է կատարել կնոջ նկատմամբ:
Հարևաններն անկեղծորեն շոկի մեջ էին ու ասում էին. «Նամուսով կին էր: Աշխատում էր Քանաքեռի կարի ֆաբրիկայում: Ոչ մի անգամ վատ բան չենք տեսել ու լսել նրա մասին: Ամուսինն ինչ-որ հավատքների էր գնում և երևի դա էր պատճառը, որ նա դիմել է այդ ստոր քայլին: Սպանեց կնոջը»: Քննիչի որոշմամբ Վ. Կարապետյանը ձերբակալվել է:
Մանրամասն` այստեղ