«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով, իսկ Երևանի գյուղատնտեսական համալսարանի հավատարմագրումը մերժվել է: Նման որոշում կայացրել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը հուլիսի 3-ին տեղի ունեցած նիստում:

 

Այս բուհերը Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրով ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած վերջին երկու բարձրագույն ուսումնական հաստատություններն են եղել:

 

Ըստ հավատարմագրման կարգի' պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը 6 ամիսը մեկ պարբերականությամբ պետք է փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի ՈԱԱԿ: Իսկ հավատարմագրում չստացած բուհը, փորձագիտական զեկույցում մատնանշված խնդիրները վերացնելուց հետո, կարող է նորից դիմել' ինստիտուցիոնալ հավատարմ ագրում անցնելու համար:

 

Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ մեկ բուհի շնորհվել էր 6 տարի ժամկետով, ութ բուհի' 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում, մեկ բուհի' 2 տարի ժամկետով պայմանական հավատարմագրում, իսկ մեկ բուհի հավատարմագրումն էլ մերժվել էր: