Նստացույցը Բաղրամյան պողոտայում շարունակվում է.
22.35
Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել հրապարակում, իսկ մինչ այդ՝ նրանք պատրաստվում են գիշերել այնտեղ:
22.10
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Հունան Պողոսյանին առաջարկեց Ազատության հրապարակ հրավիրել ՄԻՊ պաշտպանին: Բանն այն է, որ ակտիվիստները ցանկանում են երթ կազմակերպել, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս և հորրդորում է քաղաքապետարանից թույլտվություն ստանալուց հետո միայն գնալ այդ քայլին:
Ազատության հրապարակում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, նա ևս պահանջեց բացել ճանապարհը, ինչին հետևեց քաղաքացիների բացականչությունները. «Ամո՛թ, ամո՛թ»:
Հունան Պողոսյանը ակտիվիստներին խորհուրդ տվեց չսրել իրավիճակը:
20.30
«Միասին մենք կհաղթենք, հայեր միացե՛ք»,- բացականչում են քաղաքացիները:
19.50
Ակցիայի համակարգող Դավիթ Սանասարյանը հավաքվածներին հարցրեց՝ կա՞ մեկը, որ այսօր վախեցել է ոստիկանական գործողություններից, լսեց պատասխան՝ «Ո՛չ»: Այնուհետև հայտարարեց, որ պետք է շարունակեն պայքարը՝ «Մենք էլի լինելու ենք Բաղրամյանում»:
Դավիթ Սանասարյանը իր ելույթում ասաց. «Ոստիկանները վախեցել են, ինչքան ստորաժաբաժանում ունեն Օպերայում են: Մենք այնպես պետք է անենք, որ այդ ստորաբաժանումները հալումաշ լինեն, որ չկարողանան այլ գործողությունների գնալ»:
Նկատեց նաև, որ քիչ են ներկաները, քանի որ Ազատության հրապարկում այսօր պետք է տեղ չլիներ:
Դավիթ Սանասարյանը հայտարարեց նաև, որ հացադուլ կհայտարարի՝ «իմ բողոքն ուղղված չե իշխանություններին, այլ՝ ՀՀ քաղաքացիներին»:
19.25
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիյանը հայտարարեց, որ ցուցարարներին չեն թույլատրելու երթ իրականացնել:
19.05
Ազատության հրապարակն արդեն մարդաշատ է: Հավաքվածները կորոշեն իրենց հետագա անելիքները:
18.00
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեւանի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանի հետ միասին Դավիթ Սանասարյանին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից տեղափոխել ենք տուն (հարազատների ուղեկցությամբ), իչպես նաեւ' Գարիկ անունով 19 տարեկան մի երիտասարդի' քաղաք: Հիվանդանոցում երկուսն էլ զննություն են անցել:
Դավիթի մասով մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ ուղեղի ցնցում է տարել, նաեւ ասում էին, թե Գարիկի ձեռքն է կոտրված: Ինչպես բժիշկներն էին տեղեկացրել Դավիթին բուժզննության արդյունքների մասին, մտահոգիչ բան չկա: Թեպետ Դավիթի մոտ դեռ ցավեր կային կողի շրջանում, ինչպես անեւ' տարբեր քերծվածքներ:
Գարիկին ասել էին, որ սալջարդ է բութ մատի շրջանում: Երիտասարդը ասում էր, որ մատը լիարժեք շարժել չի կարողանում»:
15.25
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին:
Վերջինիս փոխանցմամբ Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:
14.35
Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնելու ընթացքում ոստիկանություն է տարվել 46 անձ, որոնցից 6-ը անչափահաս էին: «ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված անձ չկա, ընդամենը ՀՀ ոստիկանություն է տարվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս էին և անմիջապես ազատ էին արձակվել, իսկ մնացածն այս պահին ազատ են արձակվում»,- ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
13.27
Բաղրամյան պողոտան երթևեկելի է: Ցուցարարները հեռացվել են երթևեկելի գոտուց: Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցուցարարներին հետապնդում չի սպառնում:
«Ամեն դեպքում, հավաստիացնում եմ, որ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվի եւ նրանք ազատ կարձակվեն»,- ասաց նա:
13.18
Բաղրամյան պողոտայում, ոստիկանները գրկած հեռացնում են ցուցարարներին:
13.12
Ոստիկանությունը հորդորեց լրագրողներին ազատել բանուկ հատվածը:
12.57
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել է, որ աղբամանները տարել են, բայց ցույցը կարող է շարունակվել, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց.
«Այս պահին ես չեմ կարողանում մոտենալ, որ լսեմ ոստիկանության հայտարարությունը, բայց ինչո՞վ են իրենց խանգարում աղբամանները, եթե ցույցը կարող են շարունակել, ես չեմ հասկանում: Եթե ցույցը փողոցում շարունակվելու է, իսկ ցույցը Բաղրամյան պողոտայում է, նույն կերպ այստեղ աղբամանի փոխարեն կարելի է այլ բանով բարիկադ կառուցել:
Եթե իրենց խնդիրն աղբաման տանելն էր, ապա դրանով հարց չի լուծվում»:
Վերջինս նշեց նաև, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է իր պայքարն անկախ նրանից, թե ինչ կլինի Բաղրամյան պողոտայում այսօր:
12.55
Գնահատական տալուց ձեռնպահ կմնամ, մինչև տեսնեմ, թե գործընթացն առաջիկայում ինչ զարգացում կունենա: Այստեղ կարևորն այն է, որ մասնակիցներն ու ոստիկանությունը զգոն լինեն, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին: Այս մասին քիչ առաջ ասաց ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը:
12.50
Եկեք միասին վերականգնենք Բաղրամյան պողոտայի նախկին տեսքը: Հարգելի քույրեր, եղբայրներ, եկեք վերականգնենք Բաղրամյան պողոտայի նախկին տեսքը. քիչ առաջ հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
12.46
Ոստիկանները ճանապարհից հեռացրին աղբամանները. ներկաները վանկարկում են «ամո՛թ, ամո՛թ»:
11.25
ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ոտիկանությունը:
Հայտարարությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
08.35
Լուսաբացը՝ Բաղրամյանում. ցուցարար տղաներն ու աղջիկները մաքրում են փողոցը.