ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման, դիրքերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակին: Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, ճաշացանկը, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն եղել է նաև 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, ստուգել է սպառազինության և տեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաև նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքը։ Իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել:
Աշխատանքային այցն ամփոփվել է բանակային զորամիավորման հրամանատարության հետ անցկացված խորհրդակցությամբ, որի ընթացքում ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են որոշակի խնդիրներ, ցուցումներ և հանձնարարականներ: