Սահմանված կարգի համաձայն' ամեն ամիս ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ են և առավելապես վերաբերել են սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին:
Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և նրանց դիմումներին, լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցել է նաև հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական իսնտիտուտում պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը' Արկադի Բարսեղյանը, ով պաշտպանության նախարարի մոտ է եկել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին անձամբ նախարարից արժանահավատ տեղեկություններ ստանալու նպատակով: Ընդունելության ավարտին ներկայացնելով հանդիպման արդյունքները' Արկադի Բարսեղյանը համոզմունք է հայտնել, որ պաշտպանության նախարարի հետևողականության շնորհիվ որդու սպանության հետ առնչություն ունեցող որևէ մեկն անպատիժ չի մնալու: