Արարատի մարզի Ջրաշեն և Դիտակ գյուղերը թեև ունեն շուրջօրյա ջրամատակարարման պայմանագիր, սակայն տևական ժամանակ է, ինչ նախատեսված ջրաքանակի 10%-ի չափով անգամ ջուր չի հասնում գյուղ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դիտակ Գյուղի գյուղապետ Սուրեն Սրապոյանը:

 

«Արդեն ինչքան ժամանակ է՝ գյուղացիները բողոքում են, էս շոգին ջուր չունեն, ամեն օր նույն կռիվ-ղալմաղալն է»,- ասաց գյուղապետը:

 

Ջրանջատումների խնդիրը գյուղապետը գիտեր. բանն այն է, որ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր բիզնեսներն ընդլայնում է՝ գյուղացիներին անհարմարություն պատճառելու հաշվին:

 

Նուբարաշենում գտնվող պատգամավորին պատկանող թռչնաֆաբրիկայում ավելացվել է մի քանի գոմ, իսկ ջուրն էլ ծախսվում է ֆաբրիկայի կարիքների համար, արդյունքում տուժում են գյուղացիները:

 

Գյուղապետն ասաց, որ ինքն արդեն դիմել է մարզպետարան, պատասխան է ստացել, որ կառավարությունը կլուծի այդ խնդիրը, սակայն երբ կտրվի լուծում՝ պարզ չէ:

 

Հավելենք նաև, որ ոռոգման ջուրը ևս խնդիր է, մի քանի օր է, ինչ այս շոգին չեն ոռոգվում գյուղացիների այգիները: