Կառավարության համար տարին սկսվեց գյուղացի անասնատերերի ու մսավաճառների բողոքի ցույցերով՝ ընդդեմ կենդանիների մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման։ Պատկան մարմինները պնդում են՝ այս փոփոխությունները գյուղացիների գործը չեն բարդացնում, այլ շուկայից դուրս են հանում «կեղտոտ» մորթ անող, վատ սանիտարական պայմաններով մեքենաներով միսը տեղափոխող վերավաճառողներին։ Ամենաշատը՝ 9, սպանդանոց կա Կոտայքում, 5-ական սպանդանոց կա Երևանում և Արմավիրում: 1 սպանդանոց է գործում Վայոց ձորում, 3-ը՝ Գեղարքունիքում, 2-ական՝ Տավուշում, Շիրակում, Սյունիքում և Արագածոտնում: Արարատի տարածքում 3 սպանդանոց կա, 4-ը՝ Լոռու մարզում: Թեև կառավարությունը որոշումը հետաձգել է մինչև հուլիս, արդեն իսկ հայտնի է, թե ովքեր են հարստանալու գյուղացիների հաշվին:
 
Ովքե՞ր են այս եկամտաբեր բիզնեսի սեփականատերերը: Արմավիրում գործող «Տեղական միս» ՍՊԸ-ի սպանդանոցի հիմնադիրն ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է՝ Ճոյտը:
Մասիս քաղաքում է գործում «Ոսկե կացին» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիրը իրանահայ Արմոնդ Հաղվերդյանն ու 3 իրանցի գործարարներ են:
 
Լոռու մարզի Օձուն համայնքում գործում է անհատ ձեռնարկատեր Խասիկ Տիտանյանին պատկանող սպանդանոցը։ Դարպաս համայնքում է գործում «Միտք-Կ» ընկերության սպանդանոցը:
«Միտք-Կ» ընկերությունը նաև ուշագրավ տենդերներ է շահել:
Վայոց ձորում գործող միակ սպանդանոցը շահագործում է «Վայոց ձոր մսամթերք» ՍՊԸ-ն։ Ընկերության տնօրենը Եղեգնաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանն է:
 
Բալահովիտում սպանդանոց ունի «Օջախ» ՍՊԸ-ն, այն իրականացնում է խոզերի մորթ։ Ընկերության սեփականատերը Կիմ Եգանյանն է, ով Միգրացիոն պետական ծառայության նախկին ղեկավար Գագիկ Եգանյանի ազգականն է։ Կիմ Եգանյանը Երևանում ու Բալահովիտում գործող «Օջախ» ռեստորանների սեփականատերն է։
 
Տավուշի մարզում գործում է երկու սպանդանոց. դրանցից մեկը պատկանում է անհատ ձեռնարկատեր Արմեն Ամիրաղյանին ու գտնվում է Նոյեմբերյանում, իսկ Դիլիջանում սպանդանոց է շահագործում «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Ընկերության մասնակիցը գործարար Դավիթ Երեմյանն է, ով զբաղվում է ռեստորանային բիզնեսով, նրան է պատկանում «Երևան պանդոկ» ռեստորանների ցանցը, «Լավաշ», «Շերեփ», «Լիվինգսթոն» ռեստորանները։
 
«Սիմիրամ» ՍՊԸ-ն Երևանում զբաղվում է ճագարաբուծությամբ, ճագարների մորթով։ Ընկերությունը հիմնադրվել է 2012-ին, միանձնյա բաժնետերը Տիգրան Ղարիբյանն է։ Նա «Շանթ» ընկերության սեփականատերերից Մանվել Ղարիբյանի որդին է։
Շիրակում գործում է Արփի Լենդ ՍՊԸ-ն, որը զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների մորթով: Վերջինիս սեփականատերը Սամվել Ղարիբյանն է:
Ի դեպ, վերջերս Ղարիբյանը Շիրակի մարզի Արփի համայնքի ավագանուց բավական կլոր գումարով հողատարածք է գնել:
 
Հրազդանում գործում է «Հանիավան սփրինգս» ՍՊԸ-ն, որը մասնագիտացած է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթի վրա:
 
Կոտայքի մարզում «Կոչոն» ՍՊԸ-ն զբաղվում է խոզերի մորթով:
Փարաքար գյուղում Ա/Ձ Լյուդվիգ Մանուկյանի սպանդանոցը զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթով: