Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցները վերացվելուց հետո Կասպից ծովով այդ երկիր լաստանավային բեռնափոխադրումների կազմակերպման հարցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նա նշել է, որ մերձկասպյան շրջանները, հատկապես, Աստրախանի մարզը շահագրգռված է Իրանի հետ առևտրով, սակայն, դրան խանգարում են միջուկային ծրագրի հետ կապված Իրանի դեմ պատժամիջոցները:
«Հիմնական խնդիրն, այդուհանդերձ, ոչ թե տրանսպորտային, այլ քաղաքական հարթության վրա է», -ասել է Սոկոլովը:
Սակայն, ՌԴ-ի «ՏրանսԱզիա-Ռուս» ընկերության զարգացման գծով տնօրեն Արկադի Իվանովը «Լոգիրուսին» հայտնել է, որ իրականում խնդիրը բոլորովին էլ քաղաքական հարթության վրա չէ:
«Գտնում եմ, հակառակը, խնդիրը քաղաքական հարթության վրա չէ: Պետք չէ քաղաքականությունը ներկայացնել սեփական խնդիրները փակելու միջոց: Բավական է 20 ռուսաստանյան նավերի և սառնանավերի միջոցով մի քանի հազար կոնտեյներով բեռներ փոխադրել Իրան, և բեռները կգնան շրջանցելով Ադրբեջանի տարածքով ներկայումս գործող ավտոմայրուղին, որտեղ յուրաքանչյուր բեռնատար մեքենայի համար ադրբեջանական մաքսավորները մուտքի և ելքի համար 500-ական դոլար են վերցնում, իսկ դրա համար վճարում են ռուսաստանցիները», -նշել է Իվանովը: