Հայաստանցի ուսանողներն արտասահմանյան բուհեր (խոսքը, հիմնականում, թանկարժեք ուսումնական հաստատությունների մասին չէ) կարող են ընդունվել մի քանի տարբերակով: Դրանից առաջինը ներգրավումն է արտերկրի կրթական այն ծրագրերին, որոնք ներառված են երկկողմ միջպետական համաձայնագրերում: Այս մասին Tert.am-ին հայտնեց «ԱՐՄԱԿԱԴ» և «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» նախագահ Խաչիկ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նման համաձայնագրեր ունի Չեխիայի, Սլովակիայի, Հունաստանի, Ռուսաստանի հետ: Նման ծրագրերի առկայության դեպքում, ըստ նրա, այս մասին հայտարարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

«Բացի հայտարարությունը, որը դրվում է, նաև գրվում է, թե ինչ փաստաթղթերի ցանկ է հարկավոր դիմելու համար՝ ներառյալ հանձնվող քննությունների ցանկը»,-ասաց Խաչիկ Գալստյանը:

Այս ընթացակարգով դիմելով՝ ՀՀ քաղաքացին կարող է դառնալ այդ երկրների բուհերի ուսանող: Ֆիզիկապես դա տեղի է ունենում առցանց, քննությունները՝ համացանցով, իսկ հարցազրույցի անհրաժեշտության դեպքում ՝ skype-ի միջոցով: Բնականաբար, լեզվի իմացությունը պարտադիր է. Անգլիայում և ԱՄՆ-ում պարտադիր է անգլերենի կատարյալ իմացությունը, Գերմանիայում՝ կրկին անգլերենն ու որոշ դեպքերում՝ գերմաներենը: Ժնևի համալսարանում անցողիկ են և՛ անգլերենը, և՛ ֆրանսերենը:

Խաչիկ Գալստյանը նշեց նաև արտերկրում բուհ ընդունվելու այլ տարբերակներ՝ սեփական ուժերով՝ ուղղակի արտերկրի բուհերին դիմելու տարբերակը, ինչից հետո ուսանողները կրթաթոշակ ստանալու համար դիմում են տարբեր հիմնադրամների:

Արտերկրում մագիստրատուրա և ասպիրանտուրա անցնելու մյուս տարբերակը տարբեր երկրների ու կառավարությունների կողմից տրամադրվող ուսման հնարավորություններն ու կրթաթոշակներն են. երբ ուսանողները դիմում են ոչ թե տվյալ համալսարանին, այլ տվյալ ծրագրին:

Դրանցից են՝ գերմանական DAAD ծրագիրը, որը տրամադրում է կրթաթոշակ Գերմանիայում գիտահետազոտական աշխատանք իրականացնելու, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար, մագիստրատուրայի ուսանողների համար նախատեսված և արդեն փակված Muskie ծրագիրը։ Նույն սկզբունքով գործում է բրիտանական Chevening ծրագիրը:

Այն բուհերում, որտեղ կարող են սովորել ուսանողներ արտերկրից, անգլերենով են և՛ քննությունները, և՛ ուսումնառությունը, ինչպես մագիստրատուրայում, այնպես էլ ասպիրանտուրայում:

Ըստ Խաչիկ Գևորգյանի՝ ուսման վարձերն ամենաէժանը Գերմանիայում են: «Եվ դրա համար, շատ հաճախ, ընդունվելիս ուսանողները հետո էլ չեն դիմում տարբեր հիմնադրամներին՝ կրթաթոշակ ստանալու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը տարեկան 1000-2000 եվրոյի մասին է:

«Էնտեղ աշխատելու միջոցով, նաև որոշակի օգնություն ստանալով այստեղ ՝ ընտանիքից հնարավոր է փակել ուսման վարձը Գերմանիայում: Ինչքան գիտեմ՝ նույն էժան գներն են Եվրոպայի բազմաթիվ երկրներում՝ Ավստրիայում, Շվեյցարիայում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա թվարկած էժան բուհերի թվում են նաև Բուլղարիայի ամերիկյան համալսարանը, որ շատ հաճախ ընդունելություն է կազմակերպում հայաստանցի ուսանողների համար՝ ոչ այդքան թանկ գներով, Չեխիայի բուհերը, որտեղ կարելի է կրթություն ստանալ մինչև 10 հազար դոլարի սահմաններում: Չեխիայում անգամ գործում է Նյու Յորքի պետական համալսարանի մասնաճյուղը, որտեղ շատ հաճախ ընդունվում են հայաստանցի ուսանողներ:

Բարձր հեղինակություն ունեցող Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից բացի, Անգլիայում կան բազմաթիվ այլ՝ էժան վարձավճարով համալսարաններ, որոնցից ոմանք ներկայացուցչություններ ունեն ՀՀ-ում: Այս դեպքում խոսքը մինչը 10 000 ֆունտ ստերլինգի մասին է:

Ըստ Խաչիկ Գևորգյանի՝ արտերկրում ուսանած շրջանավարտները հետագայում բավականին բարձր աշխատավարձերով աշխատանք են գտնում ինչպես մասնավոր , այնպես էլ պետական տարբեր հաստատություններում: Թեև ասաց, որ ամենաշատը միջազգային կառույցներն են բարձր աշխատավարձ առաջարկում արտերկրում սովորած ուսանողների համար:

Նա նշեց, որ Հայաստանից արտասահմանյան բուհերի հատկապես հումանիտար գիտությունների ոլորտում սովորած ուսանողների մի մասը չի վերադառնում: «Որովհետև ամենաբարձր վարձատրող տեղը, որ կկարողան իրենց մասնագիտությամբ աշխատել, ինչ-որ բուհ պետք է լինի, որտեղ աշխատավարձը ցածր է համեմատած միջազգային չափանիշների հետ»,- ասաց Խաչիկ Գևորգյանը, ով նույնպես ուսում է ստացել արտերկրում։

Հիշեցնենք, որ 2009 թվականից ՀՀ-ում գործում է «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է այն ուսանողներին, որոնք իրենց ուժերով ընդունվել են աշխարհի լավագույն ուսումնական տասը հաստատություններից մեկը։ Բացի դրանից՝ հիմնադրամի շրջանավարտները դասախոսություններ են կարդում են արտերկի բուհերում ընդունվել ցանկացող երիտասարդների համար և օգնում կողմնորոշվել:

«Լույս» կրթաթոշակին համապատասխանելու համար դիմորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ հայկական ծագում ունենա և «Լույս»-ին հայտ ներկայացնելիս լինի 18-40 տարեկան: Ինչ վերաբերում է «Լույսի» հաստատած համալսարանների ցանկին, ապա այն կազմվում է' համաձայն ամերիկյան «Նյուզ ռիփորթ»-ի (News Report), որն ամեն տարի հրապարակում է աշխարհի լավագույն 400 համալսարանների վարկանիշները և դրանից 10 լավագույնները:

Tert.am–ի հետ զրույցում «Լույս հիմնադրամի խորհրդի» անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ 2009-2012թթ. կենսաթոշակ ստացել է 257 ուսանող, որից 187-ը ՀՀ քաղաքացիներ են: Այս պահի ունեն 168 ուսանող, իսկ 89 արդեն շրջանավարտ են: Նա նաև նշեց, որ ներկայում Հայաստանում է հիմնադրամի կրթաթոշակով արտերկրում ուսանածների 54 տոկոսը։