Ստալինյան բռնաճնշումների հիշողությունները՝ մեկ ընտանիքի օրինակով, ամփոփվել են Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» կինոնկարում: 35 րոպե տևողությամբ ֆիլմն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում: Հովհաննես Իշխանյանի դեբյուտային ֆիլմի հերոսուհին նրա տատիկն է:
««Ընտանեկան ալբոմ» ֆիլմն սկսել եմ նկարահանել, երբ Վրաստանում էի սովորում: Ֆիլմը ստալինյան բռնաճնշումների ժամանակ գնդակահարված իմ մեծ տատի և պապերի մասին է: Նրանց մասին խոսում է տատիկս: Ֆիլմը սկսեցի նկարահանել, երբ ընտանեկան արխիվներն էի փնտրում Թիֆլիսում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննես Իշխանյանը:
Ռեժիսորը երկու տարի է աշխատել ֆիլմի վրա: «Ֆիլմը նկարահանվել է Երևանում, Գյումրիում, Թիֆլիսում: Շատ էի կարդում իմ մեծ պապերի և տեղի ունեցածի մասին, մի պատմաբանի հետ էի աշխատում»,-նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ աշխատանքի ընթացքում բացահայտումներ էլ է կատարել:
«Ստալինյան բռնաճնշումների մասին ընտանիքներում չեն խոսում, հանրային արձագանք չկա այդ ժամանակվա զոհերի վերաբերյալ: Գուցե ֆիլմը հնարավորություն ստեղծի, որ այդ թեման բացվի: Ֆիլմի ցուցադրություններից հետո շատերը սկսում են պատմել իրենց նախնիների հետ կատարվածի մասին»,-նշեց Հովհաննես Իշխանյանը:
Ռեժիսորն ընդգծեց, որ մեծ հաճույքով կցուցադրի Ռուսաստանում, եթե հնարավորություն լինի: «Աշխատանք պետք է կատարվի, ենթագրեր պետք է ավելացնենք, հարմար փառատոն դեռ չեմ գտել»,-հավելեց ռեժիսորը:
Ֆիլմի հերոս Բյուրակն Անդրեասյանը գրեթե 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: Նա 10 տարեկան էր, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալեցին իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրա ամուսնու՝ Ռաֆայել Իշխանյանի հայրը նույնպես սպանվել էր բռնաճնշումների հետևանքով: Նրանց թոռը Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակնի հետ շրջում՝ բացահայտելու իր նախնիների պատմությունը: