Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Նորաին Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը:
Բացի այդ, մեղադրյալը յուրացրել է նաև համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները' համայնքին պատճառելով 4 միլիոն 661 հազար 480 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ապարանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը Նորաին Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: