Համահայկական 6-րդ խաղերին ընդառաջ Ստամբուլի թիմերը մեծ թափով առաջ են տանում նախապատրաստական վերջին աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

 

Խմբային մարզաձևերում Ստամբուլի հայկական համայնքը ներկայացնող մարզիկներն իրենց պարապմունքներն են անցկացնում մարզիչների հսկողության ներքո: Վոլեյբոլի և բասկետբոլի իգական և արական կազմերը լրջորեն աշխատանքներ են տանում, որպեսզի լավագույնս կարողանան հանդես գալ խաղերի ժամանակ: Ստամբուլի կարգադրող հանձնաժողովը ևս ջանքեր չի խնայում երիտասարդների նախապատրաստական աշխատանքներն ըստ արժանվույն իրականացնելու համար:

 

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին' ֆուտբոլ, մինիֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը' լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: