Երևանի բնակիչ Գալյա Վասիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել:

 

 

Գալյա Վասիլյանը, աշխատելով Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի տնօրեն, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, նույն կազմակերպության տեխնիկական անձնակազմի աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում և աշխատավարձերի վճարման հանձնարարագրերում մտցրել է կեղծ տեղեկություն:

 

 

Նրա աշխատակիցներ Արտեմ Դավթյանի, Անուշ Ամարիկյանի և Գայանե Հսոյանի օժանդակությամբ մեղադրյալը կատարել է խարդախություն. կազմակերպության որոշ աշխատակիցների անվամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկում բացված հաշիվներին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ փոխանցել է և յուրացրել 4 միլիոն 237 հազար ՀՀ դրամ գումար:

 

 

Վերը նշված քրեական հոդվածներով մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում, առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:

 

 

Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Գալյա Վասիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: