Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցրած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշը քրդաբնակ Ուրֆայի նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մեջ մեղադրել է թուրքական կառավարությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, այդ առնչությամբ տարածած հայտարարության մեջ Դեմիրթաշը նշել է, որ ով էլ կատարած լինի այդ ահաբեկչական գործողությունը, դրա առաջին պատասխանատուն Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ թուրքական անցումային կառավարությունն է, քանի որ այն անուղղակի խրախուսում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

 

«Սիրիացիներին ինտերնացիոնալ համերաշխություն արտահայտած քուրդ երիտասարդների այդ ծրագրված կոտորածը կատարվել է Ռոջավայի (սիրիական Քուրդիստան) հեղափոխության տարեդարձի օրը: Սուրուչում կատարվածը Սիրիայի քրդաբնակ Քոբանիի վրա հարձակումների մի մասն է: Ով էլ կատարած լինի դա, առաջին պատասխանատուն թուրքական անցողիկ կառավարությունն է: Առանց պետության ներսից աջակցության, նման կոտորած կազմակերպելն անհնարին է: Անվտանգության մարմինները գրանցել են Սուրուչ ժամանած բոլոր երիտասարդներին: ԱԶԿ-ն պետք է ԻՊ-ի դեմ վստահելի դիրքորոշում արտահայտի, ինչը մինչ այժմ չի արել, և սա խիստ կասկածելի և անհասկանալի է»,- ասել է նա:

 

ԺԴԿ ստամբուլցի պատգամավոր Գարո Փայլանը Սուրուչի ահաբեկչության առնչությամբ հայտարարել է, որ հարձակումը կատարվել է այն պահին, երբ Սուրուչի Ամար մշակույթի տանը քուրդ երիտասարդները հավաքվել էին համերաշխություն հայտնելու Քոբանիին:

 

«Դա այդ համերաշխության դեմ կազմակերպված ահաբեկչություն է»,- ասել է նա: Փայլանը ևս ընդգծել է, որ «անհնարին է, որ թուրքական հետախուզությունը տեղյակ չլիներ այդ հարձակումից»:

 

Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն Սուրուչի ահաբեկչությունից հետո անմիջապես հայտարարել էր, որ այն կազմակերպել է ԻՊ-ն: «Սուրուչում ահաբեկչության պատասխանատվությունն ընկնում է «Իսլամական պետություն» խմբավորման վրա»,- հայտարարել էր նա:

 

Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ին տեղի ունեցած պայթյունի հետ կապված, որի հետևանքով 31 մարդ է զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր, Ստամբուլի կենտրոնում հանպատրաստից կազմակերպված ցույցում հազարավոր մարդիկ ահաբեկչական ակտի մեջ մեղադրել են թուրքական կառավարությանը: Նրանք դատապարտել են Սիրիայի նկատմամբ թուրքական կառավարության քաղաքականությունը, որը, նրանց կարծիքով, խրախուսում է ահաբեկչությանը:

 

Ակցիային մասնակցել են ընդդիմադիր ձախակենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչները: Sendika պարբերականի համաձայն' նրանք բարձրաձայնել են «ԻՊ-ն' մարդասպաններ են, ԱԶԿ-ն՝ (իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն»)' հանցակիցներ» լոզունգներ: Հանրահավաքի մասնակիցները Սուրուչում ահաբեկչական գործողության պատասխանատվությունը դրել են ԱԶԿ-ի վրա և կառավարությանը կոչ արել հրաժարակն տալ: Ոստիկանությունն ակցիան ցրելու համար ջրանետներ և արցունքաբեր գազ է կիրառել: Մեկ մարդ պլաստիկ գնդակից վիրավորվել է, ձերբակալությունների մասին չի հաղորդվում: