Այսօր' հուլիսի 22-ին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի, ՀԽՀԿ գործկոմի անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
Իշխան Զաքարյանը հանձնարարել է պատշաճ կերպով դիմավորել և ճանապարհել արտերկրից ժամանող պատվիրակություններին, ինչին պետք է աջակցեն նաև Քաղավիացիայի գլխավոր վարչության պատասխանատուները: Գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, մատնանշելով նախորդ խաղերի անցկացման արդյունքում ձեռք բերված փորձը, ասաց, որ ունեն արդեն իսկ գործնականում իրենց արդյունավետությունն ապացուցած աշխատանքային մեխանիզմներ:
Պարոն Զաքարյանը շեշտել է, որ ամենակարևոր և ամենաբարդ խնդիրներից մեկը տրանսպորտային միջոցների անհրաժեշտ քանակության ապահովումն է, որի շուրջ արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Բոլոր այն քաղաքները, որտեղ անց են կացվելու Համահայկական ամառային 6-րդ խաղերը, մայրաքաղաք Երևանի գլխավորությամբ, պետք է բերվեն տոնական տեսքի և զարդարվեն համապատասխան խորհրդանշաններով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանում իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատրաստ է լուծել վերոհիշյալ խնդիրները:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, անդրադառնալով նախարարության պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերին, հայտնել է, որ արդեն իսկ իր կողմից տրված են համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առողջապահական միասնական շտաբ կազմավորելու և խաղերի անցկացման վայրերում առաջին շտապբուժօգնության խմբի ձևավորման հարցերը, որում պետք է ընդգրկված լինեն նաև վնասվածքաբան և սննդի մասնագետ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հավաստիացրել է, որ ձեռք են առնելու բոլոր անհրաժեշտ միջոցները' խաղերի մասնակիցների և հյուրերի առողջապահական անվտանգության ապահովման համար:
ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բավականին բարդ ու կարևոր խնդիրներ ունեն լուծելու խաղերի մասնակիցների և հյուրերի կարգապահության, անվտանգության, պատշաճ կարգուկանոնի ապահովման առումով' հաշվի առնելով խաղերի մասնակիցների աննախադեպ թիվը, և հատկապես խաղերի մասնակիցների համար ազատ օր հայտարարված օգոստոսի 8-ին ուժեղացված ծառայություն իրականացնելը:
Պարոն Զաքարյանը ներկայացրել է նաև տվյալ պահին առկա հիմնական մյուս խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները և համապատասխան հանձնարարականներ տվել ոլորտների պատասխանատուներին: