Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, և լարվածությունը չի հասնում այն մակարդակին, ինչ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կրակոցները կան, սակայն իրավիճակը չի կարելի անվանել լարված: «Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը հանգիստ է: Հայկական զինված ուժերը վերահսկում են իրադրությունն ու թույլ չեն տալիս հակառակորդին սադրանքներ կատարել»,- ասաց Հովհաննիսյանը:
Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանի նախաձեռնությամբ խիստ լարվածություն է նկատվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Այդ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:
Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: