Արմավիրի մարզի Մեծամորի բնակիչ Էդգար Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի առաջին մասի և 34-322-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել:

 

 

Էդգար Սիմոնի Սիմոնյանը 2015 թվականի ապրիլի 4-ին, ժամը 17:00-ից մինչև 2015 թվականի ապրիլի 5-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում, Արա Համլետի Հովհաննիսյանին ազատությունից ապօրինի զրկել է. նրան պահել է Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 7/95 շենքի նկուղային հարկում գտնվող «Վայթ Մուն Պրոդաքշն» ընկերության տարածքում:

 

 

Տուժողին զրկելով ազատ տեղաշարժվելու իրավունքից, որի ընթացքում բռնություն գործադրելով' մեղադրյալն ստիպել է Արա Հովհաննիսյանին գրել 800 հազար ՀՀ դրամ պարտք լինելու վերաբերյալ պարտավորագիր' որպես իր կազմակերպությանը պատճառված ենթադրյալ վնասի փոխհատուցում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ստանալ նշված գումարը:

 

 

Վերը նշված քրեական հոդվածներով մեղադրյալին սպառնում են առավելագույնը երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, մեկից երեք ամիս ժամկետով կալանք կամ երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում:

 

 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն Էդգար Սիմոնյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին: