Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հրանտ Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող «ՊՄ» և «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության 9մմ (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտ՝ 2015թ. հուլիսի 10-ին ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Հրանտ Անանյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Հրանտ Անանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործը' մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: