Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 28-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնք (նախկինում Ձորափ)՝ գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումների ընթացքին ծանոթանալու նպատակով: Պեղումներ պարբերաբար կատարվել են, բայց դրանք կիսատ են մնացել, և անցած տարի Աղձք այցի շրջանակում ծանոթանալով 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների դամբարանի և պեղավայրի վիճակին՝ վարչապետը խոստացել էր ֆինանսական միջոցներ հատկացնել և հանձնարարել էր վերսկսել աշխատանքները:

 

Արշակունիների դամբարանը պեղած հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը վարչապետին է ներկայացրել պեղումների առաջին փուլում կատարված աշխատանքների արդյունքները, պեղավայրում հայտնաբերված գտածոները և հաջորդ փուլերի վերաբերյալ հնագիտական արշավախմբի առաջարկությունները:

 

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը կշարունակի անհրաժեշտ միջոցներ հատկացնել պեղումները շարունակելու և ավարտին հասցնելու համար: Կառավարության ղեկավարը կարևորել է պատմամշակութային բացառիկ կոթողների պահպանումը և արժևորումը ինչպես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Իր հերթին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ վարչապետ Հո վիկ Աբրահամյանի հանձնարարությամբ մշակվել և կառավարություն է ներկայացվել հնագիտության զարգացման ծրագիր, որը ոչ միայն գիտական, այլև կրթական կարևոր նպատակ ունի, այն է՝ ընտրել յուրաքանչյուր շրջանի ամենակարևոր հուշարձանը, հնավայրը և իրականացնել կրթական ու զբոսաշրջային ծրագրեր:

 

Պատմական Աղձք համայնքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002թ. ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364թ. կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն:

 

Աղձք այցի ընթացքում կառավարության ղեկավարը նաև զրուցել է համայնքի բնակիչների հետ, ովքեր բարձրացրել են համայնքին վերաբերող հարցեր: