Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու ջրի ապահովման համար ջրատարի աշխատանքներին: Պետնախարարը կարևորել է երկու ծրագրերի առաջնահերթությունը և հանձնարարել պատասխանատուներին ավելի հետևողական լինել աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և որակով ավարտելու համար:
Այնուհետև պետնախարար Մարտիրոսյանը այցելել է Լև գետի վրա կառուցված, «Արցախ ՀԷԿ» ընկերությանը պատկանող «Լև-1» ՀԷԿ, որի շահագործումը նախատեսվում է այս տարվա աշնանը: Պետնախարարը ծանոթացել է եվրոպական առաջատար տեխնոլոգիաներով զինված ՀԷԿ-ի հզորությանը՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի կարևորությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:
Հագեցած օրակարգի հաջորդ կանգառը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող «Խարխափուտ» հսկիչ կետն էր, որտեղով իրականացվող ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին գերակշռող ծավալ է ապահովում: Գ. Մարտիրոսյանը նախ ծանոթացել է մատուցվող ծառայությունների որակին, պատասխանատուներից հետաքրքրվել առկա խնդիրներով, ապա շրջայց կատարել տարածքում:
Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ մատուցվող ծառայությունները և թե՛ առաջիկայում հսկիչ կետի համար նախատեսվող ենթակառուցվածքները համապատասխանեն արդի չափանիշներին և անհարկի խնդիրներ չառաջացնեն ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ուղևորների համար: Հատկապես զբոսաշրջիկներն ու Արցախ առաջին անգամ այցելող մեր հայրենակիցներն, ըստ պետնախարարի, առաջին տպավորությունը ստանում են հսկիչ կետում, և շատ կարևոր է, որ այն միայն դրական լինի: Տեղում մի շարք հանձնարարականներ տալուց հետո հետո պետնախարարն ուևորվել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ շահագործմանը և հավաստիացրել, որ որևէ խոչընդոտ չի լինելու ծրագրի իրականացման համար:
Քարվաճառ քաղաքում պետական նախարարն այցելել է «Արի» ծրագրով նախատեսվող բնակելի թաղամասի համար հատկացված տարածք, վարչակազմի ղեկավարի հետ տեղում քննարկել հայրենադարձության ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք հարցեր, այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և պետական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման, ապա և Քարվաճառ քաղաքը նոր ճանապարհով այդ մայրուղու հետ կապելու ծրագրերը կառավարությունը դիտարկում է շրջանի զարգացման համատեքստում: «Այդ առումով արդեն տեսանելի են առաջին արդյունքները, քանի որ հանրապետության այս հատվածով շարժը անհամեմատ մեծացել է: Համոզված եմ՝ նոր աշխատատեղերի բացման առումով կարևոր դերակատարություն են ունենալու շրջանում կառուցվող հիդրոէլեկտրակայանները: Սակայն այսքանով պետական աջակցությունը չի սահմանափակվելու, և առաջիկա տարիներին պետական և բարեգործական ծրագրերի շրջանակում նախատեսվում է ավարտին հասցնել շրջանի համայնքների խմելու և, դրան զուգահեռ՝ ոռոգման ջրի խնդիրը: Հայրենադարձության ծրագրի շրջանակում ընդլանելու ենք բնակարանաշինության և շինանյութերի տրամադրման ծավալները: Ուշադրության կենտրոնում են պահվելու նաև ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները»,- ասել է պետնախարարը:
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարները բարձրացրել են համայնքային նշանակության մի շարք այլ խնդիրներ, որոնց պետնախարարը խոստացել է անպայման անդրադառնալ: Գ. Մարտիրոսյանը հավաստիացրել է նաև, որ ներդրվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի շարունակական բարելավման և կյանքի որակի բարձարցման ուղղությամբ: